пятница, 31 августа 2012 г.

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏՎԵԼ ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Թմրամիջոցների առանց բժշկի նշանակման եւ ինքնուրույն օգտագործելը, առավել եւս՝ ներարկվելը, խիստ վտանգավոր փորձություն է: Պնդել, որ թմրամիջոցի հենց առաջին ներարկումը կարող է հանգեցնել կախվածության (drug dependence), համոզիչ չէ, քանի որ դուք ինքներդ երեւի թե ականատես եք եղել այնպիսի դեպքերի, երբ թմրամիջոց չարաշահող անձն ինքնակամ դադարեցնում է դրա ընդունումը: Ավելին, կախվածության զարգացումը որոշակի ժամանակ է պահանջում, այնինչ ապօրինի թմրամիջոցները կարող են «պատուհաս» դառնալ արդեն իսկ առաջին ընդունման դեպքում: 


Կյանքի համար վտանգ կարող է ներկայացնել թմրամիջոցի հենց առաջին անգամ օգտագործելու փորձը, քանի որ օրգանիզմի համար դեռեւս անսովոր նյութը կարող է դրսեւորել սովորականից ավելի մեծ ազդեցություն՝ առաջ բերելով գերդոզավորում: Սա նշանակում է, որ առաջին իսկ ընդունումը կամ ներարկումը կարող է ունենալ մահացու ելք: 

Նույն կերպ, դեռեւս թմրամիջոցի շշմեցնող կամ շարժողական կոորդինացիան խախտող կամ էլ հալյուցինացիաներ առաջացնող ունակություններին անծանոթ անհատը կարող է իրեն եւ ուրիշներին ենթարկել ավտովթարների, վրաերթերի եւ տարատեսակ այլ վնասվածքների ռիսկին: Սա առավել վտանգավոր է դառնում հատկապես ցնորածինների պարագայում: 

Ներարկային թմրամիջոցների դեպքում հնարավոր է, որ անփորձ երիտասարդը հենց առաջին ներարկման պատճառով վարակվի ՄԻԱՎ-ով կամ հեպատիտներով: Իհարկե, արյունածին վարակներ ձեռք բերելու վտանգը մեծանում է կրկնակի ներարկումների հետ զուգահեռ, բայց չի բացառվում, որ վարակումը տեղի ունենա առաջին իսկ ներարկման դեպքում: Ոչ ստերիլ ասեղի, ներարկիչի կամ ներարկման պարագաների օգտագործմամբ հնարավոր է նաեւ սուր բակտերիալ բարդությունների առաջացումը, այդ թվում՝ սուր ֆլեբիտի (երակաբորբ) եւ սեպսիսի («արյան վարակում») զարգացումը: 

Հայաստանում թմրամիջոցի առանց բժշկի նշանակման օգտագործումն ինքնին նախատեսում է քրեական պատասխանատվություն, եւ ոչ ոք չի հարցնի՝ առաջի՞ն, թե՞ հերթական անգամն է ապօրինի թմրամիջոցն օգտագործվել: Նույն կերպ, անախորժություններ եւ կոնֆլիկտներ են սպասվում թմրամիջոց օգտագործած մարդուն, եթե այդ փաստի մասին տեղեկանան նրա ընտանիքի անդամները, աշխատակիցները կամ ղեկավարությունը: Արդյունքում կարող է նա աշխատանքից հեռացվել կամ լավագույն դեպքում ընկնել «սեւ ցուցակի» մեջ եւ կորցնել իր անձի հանդեպ նախկին աշխատանքային ընկերների եւ ղեկավարների, առավել եւս՝ ընտանիքի անդամների վստահությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий